ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Երեխայի իրավունքների մասին» ոնվենցիայի արձանագրության վավերացումը հավանության արժանացավ․ Այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

«Երեխայի իրավունքների մասին» ոնվենցիայի արձանագրության վավերացումը հավանության արժանացավ․ Այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողվը քննարկեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ին:

Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: Հայաստանն արձանագրությունը ստորագրել է 2019 թ. սեպտեմբերի 26-ին:

Փոխնախարարը նշեց, որ արձանագրությունը կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:

Արձանագրությունն, ըստ Գրիգորյանի, Երեխաների իրավունքների կոմիտեին հնարավորություն կտա իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու և լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաև ընդլայնելու Կոնվենցիայի և համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը:

Փոխնախարարի խոսքով՝ վավերացնելով արձանագրությունը՝ Հայաստանը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին: 

Հանձնաժողովը հավանության արժանացրեց նախագիծը, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

  • Կիսվել: