Երեկ ոստիկանության կողմից ձերբակալվածների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կան. Լարիսա Մինասյանը պաշտպանեց Նարեկ Մալյանին
Բաց Հասարակության հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը կարծում է, որ Նարեկ Մալյանը և նրա հետ միասին երեկ իրավապահների կողմից ձերբակալվածները ընդդիմություն չեն:
«Չեմ կարծում, որ դրանք ընդդիմություն են», -այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարեց Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք իրավաչափ էին ոստիկանության երեկվա գործողությունները ընդդիմադիր գործիչների նկատմամբ:
Ինչ վերաբերում է իրավապահների կողմից կիրառված ուժին, Մինասյանը ասաց.
«Բայց այն մասով, թե արդյոք այդ ուժը ստանդարտին համապատասխան էր, արդյոք նրանք բերման էին ենթարկվում պատշաճ ձևով, զուտ կադրերից դատելով, իհարկե, շատ մտահոգիչ է: Անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կային»:
Նա նաև նշեց, որ Նարեկ Մալյանը չի դիմել «Բաց Հասարակության» հիմնադրամին դրամաշնորհ ստանալու համար։
Ինչ վերաբերվում է Մալյանի պնդումներին Մինասյանի և վարչապետ Փաշինյանի շփումների կապակցությամբ, ապա նա պնդեց․
«Ես հեռախոսային կամ առերես զրույց չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, այդպիսի խոսակցություն չի եղել»։