Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները. Financial Times
Թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Հայաստանի գլխավոր թշնամի Թուրքիայի կողմից Հայաստանին մեկնված ձեռքի» մասին, գրում է ermenihaber.am-ը:
Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արցախյան պատերազմից հետո փորձում է ստուգել Հայաստանից եկող ազդակները:
Բրիտանական հեղինակավոր թերթը նշում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին հայտարարել է, որ կարող է աշխատել Հայաստանի հետ «հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ»: Նա ընդգծել է, որ Հայաստանը նույնպես պատրաստակամ է։
Ըստ հրապարակման՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «առանց նախապայմանների» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։
Չնայած դրական ազդակներին՝ հիշեցվել է Հայոց ցեղասպանության խնդրի մասին այն շեշտադրմամբ, որ «թեև առևտրի և դիվանագիտության առումով սառույցը կհալվի, բայց լիարժեք հաշտեցման հավանականությունը շատ քիչ է»։
Նշենք, որ Financial Times պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին և աշխարհաքաղաքական զարգացումներին՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով թուրքական գործոնին:
Աղբյուրը նկատում է, որ պատերազմից հետո տարածաշրջանում, որը տևական ժամանակ դիտարկվում է որպես Ռուսաստանի գերիշխանության մաս, նկատելի է Թուրքիայի աճող տնտեսական ներկայությունը:
Պարբերականը գրում է, որ «պատերազմում Ադրբեջանին օգնելուց հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ ձեռք է մեկնում թշնամի Հայաստանին՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ նա մրցակցում է Ռուսաստանի և Իրանի հետ»:


