չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Երբևէ չեմ հանդիսացել որևէ նախարարի խորհրդական. Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հայտարարությունը

Երբևէ չեմ հանդիսացել որևէ նախարարի խորհրդական. Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հայտարարությունը

Զենքի առևտրով զբաղվող, ներկայումս խոշոր չափի հափշտակման հատկանիշներով կալանավորված գործարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) իր փաստաբանական խմբի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով մամուլում տարածված այն լուրերը, թե իբր նա հանդիսացել է Պաշտպանության նախարարի խորհրդական: 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Իմ  նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելուց և արդյունքում ինձ ապօրինի կարգով ազատությունից զրկելուց հետո, տարբեր լրատվական հարթակներում սկսել են տարածել իմ անձին վերաբերող կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Մասնավորապես, տարբեր լրատվության միջոցներում տեղ են գտել չճշտված տեղեկություններ այն մասին, որ ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ։ 

Հայտնում եմ, որ ես երբևէ չեմ հանդիսացել որևէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում։ 

Այս կեղծ  տեղկությունների տարածումը նպատակ է հետապնդում ստեղծել տպավորություն, որ ես իբր ի պաշտոնե ՊՆ-ի աշխատակիցների նկատմամբ ունեցել եմ ազդեցություն և ինձ մեղսագրվող հանցագործությունները կատարելիս օգտագործել եմ հենց այդ լիազորությունները։ 

Կռահելով, թե որ անձանց շրջանակներին է ձեռնտու նման կեղծ տեղեկությունների տարածումը և վստահ լինելով, որ քրեական գործի քննության ընթացքում հերքվելու են ինչպես այդ, այնպես էլ նախաքննության մարմնի կողմից հրապարակված այլ տվյալները՝ հորդորում եմ նման լուրեր տարածողներին, այսուհետ ձեռնպահ մնալ այդպիսի գործելաոճից, հակառակ դեպքում ստիպված կլինեմ ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ։

Կարծում եմ, որ այդ անձինք հավանաբար գիտակցում են, որ նման կեղծ լուրերի տարածումը ուղղակի վնաս է հասցնում նաև մեր զինված ուժերի բարձր հեղինակությանը»։ 

Նշենք, որ, ըստ քրեական գործի, Դավիթ Գալստյանը ՀՀ ՊՆ-ին է մատակարարել հարավսլավական արտադրության 1977 թվականի զինատեսակ, մինչդեռ ըստ պայմանագրի դրանք պետք է լինեին 1983-86 թվականների արտադրության: Համաձայն մեղադրական եզրակացությանը, գործարքի արդյունքում Գալստյանը "գրպանել է" ավելի քան մեկ մլն դոլար: 

Ինքը` Գալստյանը համաձայն չէ մեղադրանքի հետ և հայտարարել է, որ 1977 թվականից սկսվել է տվյալ զինատեսակի սերիական արտադրությունը, սակայն ՊՆ-ին մատակարարված նմուշները լիովին համապատասխանել են պայմանագրում արտացոլվախ պայմաններին` այդ թվում նաև արտադրության տարեթվերի հետ կապված:           

  • Կիսվել: