Երբ խոսվում է քաղաքակիրթ աշխարհի մասին, պետք է գնալ քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով․ Պատգամավորը՝ ամանորյա հանգստի օրերը կրճատելու մասին
Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Հայաստան» խմբակցության պատագամավոր Արթուր Խաչատրյանը անտեղի համարեց, որ Էկոնոմիկայի նախարարը ասացվածքներ էր մեջբերում:
«Գրքից մեջբերում եք անում է, ասացվածքներ էլ արեք՝ «ով ալարի, ոչ դալարի», «ով չաշխատի, նա չուտի», «աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», «աշխատանքը կապիկին մարդ սարքեց»: Էկոնոմիկայի նախարար եք, եկեք հիմնավորեք տնտեսական լեզուներով», - հայտարարեց Խաչատրյանը:
Նա նշեց, թե երբ գյուղացին առավոտյան զարթնում է, գնում է իր կովին կթելու, ոչ թե օրացույցին է նայում:
«Չի ասում՝ էսօր կիրակի է, կովիս չպետք է կթեմ, էսօր շաբաթ է, ծիրանը չպետք է քաղեմ: Ինչի՞ հիման վրա եք այս հաշվարկը արել», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Խաչատրյանի խոսքով՝ երբ խոսվում է քաղաքակիրթ աշխարհի մասին, պետք է գնալ քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով:
«Զայրույթս, մտահոգությունս հետևյալն է՝ Էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում, բանակի պատրաստավծության մասին է խոսում, հիմա այդ մակարդակի իջնե՞նք, պարոն Քերոբյան», - ասաց Խաչատրյանը: