երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն ողջունում է Դունյա Միյատովիչի՝ ԼՂ այցի արդյունքներով զեկույցը

ԵՄ-ն ողջունում է Դունյա Միյատովիչի՝ ԼՂ այցի արդյունքներով զեկույցը

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած զեկույցի կապակցությամբ հունվարի 17-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ստրասբուրգում կայացած հանդիպմանը Եվրոպական Միության պատվիրակությունը՝ Միության և անդամ պետությունների անունից հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
 
«Հայտարարության մեջ ԵՄ-ն ողջունում է հանձնակատար Միյատովիչի հրապարակած զեկույցը։ Նշվում է, որ Հանձնակատարի դիտողությունները մատնանշում են ԵՄ կողմից ավելի վաղ արտահայտած որոշ մտահոգություններ՝ կապված սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո ԼՂ հայության զանգվածային տեղահանման հետևանքով առաջացած չափազանց բարդ իրավիճակի հետ։
 
ԵՄ-ն կարևորում է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը և փախստականների ու տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը:
 
Բացի դրանից՝ ընդգծվում է, որ տեղի բնակչության մշակութային և կրոնական ժառանգությունն ու գույքային իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն:
 
ԵՄ հայտարարությանը միացել են նաև Ալբանիան, Անդորրան, նախագահող Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն և Սերբիան»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: