երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եկմալյանի բնակիչները Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացրին

Եկմալյանի բնակիչները Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացրին

Եկմալյան փողոցի բնակիչները կրկին Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով իշխանությունից իրենց խնդրին լուծում տալ։

Նշենք, որ մոտ մեկ տասնամյակ առաջ ՀՀ կառավարության երաշխավորությամբ Եկմալյան 8, 12, 14 եւ եւս մի քանի տասնյակ հասցեների սեփականատերերի տներն իրացվել են` հանուն պետության կարիքների` պայմանով, որ նույն տարածքում կառուցվող բազմահարկ շենքում նրանց ապահովելու են բնակարաններով: Մինչ օրս այս ընտանիքները ոչ բնակարան են ստացել, ոչ էլ՝ փոխհատուցում։

«Եթե իրենք ուզեին, վաղուց այս խնդիրը լուծել էին, գումարնեեր կան: Ինձ պարոն Մեսչյանը հանդիպման ժամանակ զգուշացրեց, ես գլխի չընկա: Նա երեկոյան ինձ կանչեց ու ասաց՝ վաճառի: Եթե իրենց մեջից  են ասում՝ վաճառի, նշանակում է, որ ինադու մեզ զզվացնում են, ձգում են հարցի լուծումը, որպեսզի թուլացնեն ներդրողին: Արդյունքում տուժելու է ժողովուրդը»,- լրագրողների հետ  զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Քաղաքացին կառավարության շենքն անվանեց մորգ, դիահերձարան, որտեղից որևէ մեկը չի իջնում ու պատասխան տա իրենց. «Հրապարակները լցվելու են: Հայաստանում երեք շենք կա՝ ԱԺ, Բաղրամյան 26 ու Կառավարության շենք, հենց բարձրանում են այդ առեղծվածային շենքերը, դառնում են լկտիներ»:

 Ակցիայի մասնակիցներից մի կին հայտարարեց, որ ինչ-որ օլիգարխ, ով լավ հարաբերություններ ունի գործող իշխանությունների հետ, թաթը դրել է իրենց շենքի տարածքի վրա, դրա համար կառավարությունը չի լուծում հարցը, այնինչ ներդրող կա, ով պատրաստ է կառուցել շենքը:

«Ես այդ օլիգարխին ասում եմ՝ թաթերդ կկտրենք: 15 տարի սպասել ենք, էլի կսպասենք, բայց ձեր ուզածը չի լինի»,-ասաց նա:

  • Կիսվել: