շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգագեին, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատախազության համագործակցությունը և արձանագրել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցում Խորհրդի կողմից իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում փաստելով կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ նաև Եվրոպայի Խորհրդի փորձագիտական կարծիքների հաշվառմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ գործողության մեջ է և այդ ինստիտուտը լրջագույն գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում։

Գլխավոր դատախազի տեղակալն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ Խորհրդի կողմից ներգրավված փորձագետների կարծիքները լուրջ ներդրում են եղել դրանց կատարելագործման համար, և նշել, որ օրենսգրքերի ընդունումից հետո դրանց գործնական պատշաճ կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու իրականացնել նաև կադրերի ուսուցման և վերապատրաստման, գիտագործնական, մեթոդական ուղեցույցների ու մեկնաբանությունների մշակմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ։

Մաքսիմ Լոնգագեն տեղեկացրել է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը հանձնառու է աջակցելու քննարկված ոլորտներում բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի շրջանակներում շարունակելու է մասնակցել անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը։

  • Կիսվել: