Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ պատգամավոր Էդգար Ղազարյանը կտրուկ քննադատեց իշխանություններին այն բանի համար, որ նիստը մեկնարկել է կանոնակարգի կոպտագույն խախտումներով, մասնավորապես՝ խորհրդարան չի հրավիրվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ պատգամավորները զրկվել են վարման կարգի վերաբերյալ խոսելու և երդման տեքստն անհատապես հնչեցնելու հնարավորությունից։
Նա մեղադրեց Ռուբինյանին և Հասանովին զոհվածների հիշատակը լռության րոպեով չհարգելու համար, և ինքը հայտարարեց լռության րոպե:
Նախկին դեսպան Ղազարյանը հայտարարեց, որ Ռուբինյանի ընտրությունը կանխորոշված է եղել Թուրքիայի կողմից։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել էր Ռուբինյանին դեռևս հունիսի 25-ին՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։
Ըստ Ղազարյանի՝ Հայաստանում իշխանության վերահսկողության «բաժանում» է տեղի ունեցել. կառավարությունը վերապահվել է Ադրբեջանին, իսկ Ազգային ժողովը՝ Թուրքիային։
Նրա խոսքով՝ Ռուբինյանն ապօրինի կերպով է ստանձնել հայ-թուրքական բանակցողի դերը, քանի որ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը կառավարության իրավասությունն է։
Նախկին դեսպանը հավելեց, որ չի եղել որևէ իրավական ակտ, որով Ռուբինյանը կնշանակվեր այդ պաշտոնում, ինչը նա որակել է որպես սահմանադրական կարգի տապալում և ինքնիրավչություն։
Նա նշեց, որ Ռուբինյանը, ով 2016-ին որպես կամավոր պաշտպանել է Արցախի տարածքները, այսօր դրանք համարում է ադրբեջանական։ «Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, նա ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան»,-ասաց Ղազարյանը:
Տեսանյութը՝ այստեղ:



