կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելը Հայաստանի համար ձեռնտու չէր լինի, կհակասեր նրա շահերին․ ՌԴ փոխարտգործնախարար

ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելը Հայաստանի համար ձեռնտու չէր լինի, կհակասեր նրա շահերին․ ՌԴ փոխարտգործնախարար

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը Հայաստանի համար ձեռնտու չէր լինի, կհակասեր նրա շահերին, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Ըստ դիվանագետի՝ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը միության շրջանակում առաջատար է դարձել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, հիմնական կապիտալում ներդրումները, կատարված շինարարական աշխատանքների ծավալը և այլն։

«Այս ամենը մեծապես հնարավոր դարձավ միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլնի շնորհիվ: Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Միությանն անդամակցությունը, անշուշտ, ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն զարգացման ոլորտում մեր մոտեցումներին, մենք հավատարիմ ենք արդյունավետ համագործակցությանը»,- հավելել է նա։

Փետրվարի սկզբին Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, ասել էր, որ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: