հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵԱՀԿ վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամառային նստաշրջանի ընթացքում ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամների առաջարկները, Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, բացել Լաչինի միջանցքը:

Հունիսի 30-հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի աշխատանքներն ասուլիսում ամփոփել է հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

Վեհաժողովի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում հաստատել է տարեկան փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը: Այն ներառում է քաղաքական և անվտանգային հարցերին, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների ու հումանիտար հարցերին վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ լրացուցիչ բանաձևեր: Հայաստանի պատվիրակությունը քաղաքական և հումանիտար հարցերով բանաձևերում առաջարկներ է ներկայացրել: Վեհաժողովը դրանք ամբողջությամբ ընդունել է:

«Մասնավորապես՝ վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն բացել Լաչինի միջանցքը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ողջունում ու հորդորում է շարունակել բանակցությունները, նաև ողջունում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությունը՝ խաղաղության բանակցություններում: Կան անդրադարձներ նաև հումանիտար այլ հարցերի՝ ինչպես գերիների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանմանը և այլն»,-ասել է Սարգիս Խանդանյանը:

  • Կիսվել: