կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու ինչ-որ մեկի փորձերը կեղծավոր և ամոթալի են. Հաջիև

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու ինչ-որ մեկի փորձերը կեղծավոր և ամոթալի են. Հաջիև

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու ինչ-որ մեկի փորձերը կեղծավոր եւ ամոթալի քայլ են: Այս մասին այսօր Շուշիում կայացած համաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը, տեղեկացնում է haqqin.az-ը։

Նա նշել է, որ  այն երկրները, որոնք իրականացրել են Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը, ՛՛պետք է ամաչեն միջազգային հանրության առջեւ՛՛։

՛՛Որովհետեւ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա այս պետություններին միջազգային հանրության կողմից տրվել է մանդատ՝ այս անարդարությունը վերացնելու, օկուպացիան եւ ագրեսիան դադարեցնելու համար։ Բայց ոչ մի թիզ ադրբեջանական հող չի ազատագրվել օկուպացիայից, Ադրբեջանի ոչ մի քաղաքացի չի վերադարձել իր հողը։ 30 տարվա անհաջող գործունեությունից հետո ինչ-որ մեկին Մինսկի խմբի համանախագահ նշանակելը պարզապես ամոթալի քայլ է՛՛,- ասել է Հաջիեւը։

Հաջիեւը հավելել է, որ այս պահին Շուշիում են ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից, սակայն իր համար անհասկանալի պատճառով երկու երկրներ՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ներկա չեն: Նա ընդգծել է, որ նշված երկրների այլեւս չեն հրավիրի:

՛՛Նրանց բացակայությունը, Մինսկի խմբի վերականգնման եւ վերակենդանացման մասին հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ առաքելություն են իրականացրել 30-ամյա բանակցային գործընթացի շրջանակներում։ Հասկանալի չէ՝ նրանք չեն կարող ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ Շուշի քաղաքի վերակառուցման ու վերականգնման աշխատանքները։ Առաջին հերթին նրանք պետք է պատասխան տան ադրբեջանցի ժողովրդին։ Եթե իրենք իրենց համարում են Ադրբեջանին բարեկամ երկրներ, ապա պետք է իմանան, որ Շուշին ադրբեջանական ժողովրդի սիրտն է՝ քաղաք, որը Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու սրտում է՛՛,-ասել է Հաջիեւը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն հրաժարվել են այցելել Շուշի:

  • Կիսվել: