ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն առաջին անգամ կկայանա Երևանում

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն առաջին անգամ կկայանա Երևանում

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Վանկուվերում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ որոշվել է, որ վեհաժողովի աշնանային հաջորդ նստաշրջանը կկայանա Երևանում նոյեմբերին:

«Սա առաջին անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հիմնական նիստերից մեկը, և սա շատ կարևոր է մեզ համար լավ ներկայանալու: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ամենամեծ տարածաշրջանային խորհրդարանական հարթակն է, 57 անդամ երկրներ կան, և սա կարևոր է մեր կոնտեքստի համար, մեր իրականության մասին խոսելու և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները մեր գործընկերներին ներկայացնելու համար»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ընտրվել է խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:

«Սա ևս առաջին անգամ է Հայաստանի պատմության մեջ, որ ՀՀ ԱԺ պատգամավորն ընտրովի մարմիններից մեկում պաշտոն է զբաղեցնում: Կարևորությունն այն է, որ այս պաշտոնյաները միաժամանակ դառնում են բյուրոյի անդամ, որը հիմնական որոշումներ կայացնող մարմին է»,- ասաց նա:

  • Կիսվել: