շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Գեղամ Գրիգորյանի հզոր, թավշյա, հուզական տենորն ու բեմական կեցվածքը ողողել են աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոնների դահլիճները. Ժաննա Անդրեասյան

Գեղամ Գրիգորյանի հզոր, թավշյա, հուզական տենորն ու բեմական կեցվածքը ողողել են աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոնների դահլիճները. Ժաննա Անդրեասյան

Նշանավորելով համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գալա համերգ, որի հատուկ հյուրը օպերային աստղ, իսպանացի երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն էր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

20-րդ դարի հայ օպերային անվանի երգչի մեծարման խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Գեղամ Գրիգորյանն իր արվեստով շարունակում է ապրել սերունդների հիշողության մեջ։

«Գեղամ Գրիգորյանի հզոր, թավշյա, հուզական տենորն ու բեմական կեցվածքը ողողել են աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոնների դահլիճները՝ Լա Սկալայից մինչև Մետրոպոլիտեն օպերա։ Հոբելյանական երեկոն յուրահատուկ խորհուրդ է ստանում օպերային արվեստի կենդանի լեգենդի՝ անկրկնելի Պլասիդո Դոմինգոյի ներկայությամբ, որը ոչ միայն մեծագույն պատիվ է, այլև լավագույն վկայությունն այն մեծ հարգանքի, անկեղծ ընկերության և գնահատանքի, որը համաշխարհային բեմի գործընկերների շրջանում վայելում էր Գեղամ Գրիգորյանը։ Խորհրդանշական է և հուզիչ, որ բեմում կողքի կողքի կանգնած են Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ սոպրանո, միջազգային բեմերի աստղ Հասմիկ Գրիգորյանը և որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նրանք շարունակում են բարձր պահել Գրիգորյան ազգանվան, հայկական օպերային և դիրիժորական դպրոցի փառքն աշխարհում»,- ասել է նախարարը:

Մեծանուն հայ տենորի Գեղամ Գրիգորյանի անունը ներառվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում (այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են Էնրիկո Կառուզոն, Լուչիանո Պավարոտին և Պլասիդո Դոմինգոն)։ Գալա համերգը հարգանքի տուրք էր նրա հիշատակին․ երևանյան հանդիսատեսը ջերմությամբ և բուռն ծափերով վերստին արտահայտել է իր վերաբերմունքը Գեղամ Գրիգորյանի արվեստի նկատմամբ։

Պլասիդո Դոմինգոյի հետ օպերային թատրոնի բեմում հանդես է եկել Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը․ նա ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Միլանի «Լա Սկալա»-ում, Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի Թագավորական օպերայում, Փարիզի օպերայում և Զալցբուրգի փառատոնում։ Հասմիկ Գրիգորյանը International Opera Award-ի և Opus Klassik-ի դափնեկիր է, իսկ «Opernwelt» ամսագրի վարկածով երկու անգամ ճանաչվել է տարվա երգչուհի։

Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին էր՝ Վարդան Գրիգորյանը։

  • Կիսվել: