Դրական ազդակներով Նիկոլ Փաշինյանը, Էրդողանն ու Ալիեւը արդեն բավականաչափ ժամանակ իրար հետ փոխանակվում են․ Ա․Խաչատրյանը՝ «Շուշիի հռչակագրի» մասին
Ադրբեջանցի պատգամավորներն, իհարկե, Հայաստանի հրավերքով չեն մասնակցում «Եվրանեսթի» նիստերին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական ու հասարակական ուժերն իրավունք չունեն իրենց կարծիքն արտահայտել Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ: Այս մասին, այսօր Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
Անդրադառնալով ադրբեջանցի պատգմավորների հայտարարությանը, թե Բաքվից դրական ազդակներ են բերել, նա արձագանքեց. «Դրական ազդակներով Նիկոլ Փաշինյանը, Էրդողանն ու Ալիեւը արդեն բավականաչափ ժամանակ իրար հետ փոխանակվում են: Այդ ազդակներն իմ միջով չեն անցնում, ես դրանք չեմ տեսնում, ես տեսնում եմ միայն թշնամանք, որը տեսանք «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով, նաեւ տեսնում եք՝ ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին ու Արցախում:
Մեր իշխանություններն ուղղակի վախեցան իրենց դիրքորոշումը հայտնել «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ»:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների տեսակետն, թե ընդամենը վավերացրել են այդ հռչակագիրը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Բա ուրիշ ի՞նչ պետք է անեին, պաչեին, դնեին ճակատների՞ն»:
Նշենք, որ նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության տեքստ էր դրել շրջանառության մեջ, սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ՔՊ խմբակցությունը դեմ արտահայտվեց դրան:


