կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեսպանատների՝ Հայաստանի հարավային մարզեր չայցելելու հորդորները որեւէ հիմնավորում չունեն. Փաշինյան

Դեսպանատների՝ Հայաստանի հարավային մարզեր չայցելելու հորդորները որեւէ հիմնավորում չունեն. Փաշինյան

Մենք, ցավոք սրտի, տարբեր դեսպանատների կողմից ժամանակ առ ժամանակ այդպիսի հայտարարություններ ենք տեսնում, եւ իհարկե, համաձայն չենք այդ հայտարարությունների հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզեր:

Նա, մասնավորապես, նշեց. «Բոլորս էլ գիտենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, բայց ասել, որ Գեղարքունիքի մարզ կամ Սյունիքի մարզ կամ Վայոց Ձորի մարզ մի այցելեք, որեւէ հիմնավորում չունի իմ կարծիքով: Այդպիսի ձեւակերպումները կառավարությունը նաեւ դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն նման վերացական հայտարարությունների կապակցությամբ: Մենք նաեւ խնդրում ենք մեր միջազգային գործընկերներին, եթե օպերատիվ բնույթ տեղեկություններ ունեն, որոնք հիմք են դառնում նման հայտարարությունների համար, դրանք կիսել մեզ հետ: Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը չենք գնահատում, բայց մյուս կողմից ցանկացած քայլ, որը լարումն ավելացնոեւմ է, այնքան էլ ընդունելի չէ: Խոսքը վերաբերում է բոլոր դեսպանատների կողմից տարածվող հայտարարություններին»:

Վարչապետը հավելեց, որ 2023-ին Հայաստանը զբոսաշրջիկների այցելություններից ռեկորդային թիվ է գրանցել:

«Հայաստանը միջազգային ռեյտինգներով աշխարհի անվտանգ երկրների առաջին տասնյակում է: Եթե միջազգային իրադրությունը գնահատենք, գլոբուսը պետք է պտտենք ու ասենք՝ ժողովուրդ ջան, ոչ մի տեղում մի եղեք,, որովհետեւ օրումեջ միջազգային լիդերները խոսում են միջուկային զենքի մասին: Հիմա ՀՀ դեսպանատներն էլ այդ երկրներում հայտարարություն տարածեն, ասեն՝ զգույշ եղեք, կարող է հանկարծ միջուկային պայթյուն տեղի ունենա մոտակա տարածքում: Դա չարդարացված մոտեցում է, որը մենք արտահայտում ենք դիվանագիտական խողովակներով»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: