հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Սլովենիայում

Դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Սլովենիայում

Հունիսի 21-ից 24-ը Պրահայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում։ Պրահայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանին ընդունել են Սլովենիայի Խորհրդարանի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը և Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Պրեդրագ Բակովիչը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Սլովենիայի նոր խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի վերակազմավորման, երկկողմ և բազմակող հարթակներում խորհրդարանական կապերի ակտիվացման, երկկողմ փոխայցելությունների հնարավորությունները։

ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Սլովենիայի ԱԳՆ պետական քարտուղար Մարկո Շտուցինի, Բազմակողմ հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Եվա Տոմիչի, Բլեդի ռազմավարական ֆորումի վարչության պետ Պետեր Գրկի, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակի հետ, որոնց ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակին, բարձրաստիճան այցերի իրականացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը, քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հաջորդական քայլերին։

Հունիսի 21-ին ՀՀ դեսպանը մասնակցել է Լյուբլյանայի երաժշտական փառատոնի հանդիսավոր բացմանը, իսկ հունիսի 24-ին՝ Սլովենիայի Ազգային տոնի պետական տոնակատարությանը։

  • Կիսվել: