կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն. Գագիկ Ջհանգիրյան

Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն. Գագիկ Ջհանգիրյան

Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, դա բացարձակ անընդունելի է, կարծում եմ՝ սխալ ճանապարհով են գնում, դա փակուղի է: Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում գերագույն դատարան ստեղծելու մտքին:

«Դրանք կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Այդ մարմինները՝ Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, գործում են տարիներ շարունակ: Մի մոռացեք, երբ մենք մեղադրական դատարանից 96-97 թվականներին անցում էինք կատարում քիչ թե շատ մրցակցային դատարան,  շատ մեծ դժվարությամբ էդ սահմանադրական հանձնաժողովում կարողացանք դնել Գերգույն դատարանի լուծարման հարցը»,- ասաց նա:

Ջհանգիրյանը հայտարարեց՝ գերգույն դատարանը «մոնստր» է,  իր կազմում ուներ և առաջին ատյան, և վերանայման ատյան, և հսկողական ատյան:

«Այսինքն՝ կենտրոնացած էր, կարևոր գործերն իրենց մոտ էր, էն ժողովրդական դատարանները դամ էին քաշում: Հիմա պատկերացրեք այսքան տարիների՝ Երրորդ Հանրապետության այս ընթացքը, որը սահմանազատել է արդարադատության ոլորտը սահմանական արդարադատությունից, ուզում ենք բերենք, նորից խառնենք: Դա սխալ է, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:

  • Կիսվել: