կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան

Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան

«Դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի  Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս համատեքստում հաճախ են հնչում  հետևյալ տրամաբանությունն ունեցող  հարցեր. «Իսկ այդ հատվածներում սահմանազատումն ու  դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է  արդյոք անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց  հրաժարումը  երաշխավորում է  անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում և այս  բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։

Հաջորդ հարցը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է  արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր  հարձակում չի լինի։ Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։

Հաջորդ հարցը՝  իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի  երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում  իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի  մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները և այս նեգատիվ  երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»։

  • Կիսվել: