երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք ավելի ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր ունենք․ Նախարար

Դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք ավելի ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր ունենք․ Նախարար

Արդեն իսկ 20 բժշկական կենտրոններ ամբողջությամբ կամ մասամբ ծառայում են Covid-ով պացիենտների բուժմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ կորոնավիրուսի համավարակի առումով երկրում լարված իրավիճակ է։

«Այս շաբաթվա ընթացքում կավելանան Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և կանցնեն Covid-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մեր մահճակալային ռեզերվները կարելի է ասել ամբողջությամբ արդեն մոբիլիզացվում են, որովհետև, ցավոք սրտի, այս դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք ավելի շատ հոսպիտալացման կարիք ունենք և ավելի ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան թե նախորդ ալիքների ժամանակ ունեինք։ Ամեն հաջորդ ալիքի հետ այս տենդենցը նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նախարարը։

Ըստ Ավանեսյանի՝ հիվանդանոցներում բուժում են ստանում նաև անձինք, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Նրա խոսքով՝ սա համադրելի է այն իրավիճակի հետ, որը կա նաև այլ երկրներում, որտեղ պատվաստումների բարձր ցուցանիշներ կան։ «Բայց պատվաստումները շատ լուրջ կանխարգելիչ նշանակություն ունեն և անգամներ նվազեցնում են ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդանալու ռիսկերը և մահացության դեպքերը»,- հավելեց նա։

  • Կիսվել: