Դավիթաշենի նախկին թաղապետը խոստացել է այլևս չքննադատել գործող իշխանություններին
Դավիթաշենի նախկին թաղապետը խո
Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը խոստացել է այլևս չքննադատել գործող իշխանություններին։
Նա այդ որոշումը ընդունել է «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրականը կարդալուց հետո, որում նախկին իշխանության ներկայացուցիչների քննադատությունը դիտարկվում է ՀՀ նոր ղեկավարությանը թուլացնելու և իշխանափոխություն անելու միտում։
Այս առնչությամբ Բաղդասարյանը իր ֆաեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ «Ես, որպես Սերժ Սարգսյանին հարող շրջանակի ներկայացուցիչ, ամբողջ խորությամբ հասկանալով այդ հոդվածում տեղ գտած մտքերը, որոշեցի այսուհետ այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության՝ մասնավորապես քաղաքային իշխանության, կոպիտ և ոչ այնքան սխալները:
Չեմ ասելու, որ Օպերայի հարակից տարածքի մեկ-երկու սրճարան քանդելիս՝ հայտարարում էին, որ ամբողջ օղակաձև զբոսայգին ազատագրելու են սրճարաններից( կարծես սրճարանների տերերը ադրբեջանցի էին), սակայն այսօր, հենց հիմա նույն զբոսայգում ԿԱՊԻՏԱԼ շինարարություն է գնում, ոչ թե ժամանակավոր կրպակ կամ տաղավար:
Չեմ ասելու, որ զարգացման ծրագրով 500 000 ծառ են խոստացել տնկել և արդեն երեք սեզոն անցել է, բայց դեռ ընդամենը 20-25 հզ. հազիվ են տնկել:
Չեմ ասելու, որ աղբահանության պրոբլեմը հենց քաղաքային իշխանությունն առաջացրեց, հետո էլ հերոսաբար լուծեց, հաստատ չեմ ասի, որ անգրագետ ձևով լուծեց:
Չեմ ասելու, որ ինչ-որ դպրոցի տնօրենի վրա կարող է 1 մլն. դրամի համար քրեական գործ հարուցվի, բայց Երևանի կոմունալ վարչության պետը իր զարմիկին 360 մլն. դրամի մրցույթ տա ու քր. գործ չհարուցվի:
Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ: Չեմ ասելու, որ 500 վերելակներին անհամբեր սպասելու ենք:
Չեմ ասելու ոչ քաղաքի տրանսպորտի հարցի լուծման սխալ ուղղության մասին, ոչ էլ կանաչապատման: ԵՒ այս ամենը ու էլի շատ բաներ հետագայում չեմ ասի, որպեսզի քաղաքային իշխանությունն ուժեղ լինի:
Ամենավերջում էլ չեմ ասի՝
#մետրոնինչեղավ»։