Դատապարտում եմ բոլոր բռնությունները, նաև Փաշինյանի ուղիղ երեսին եմ ասել դեբատի ժամանակ. Մարուքյան
Ակնկալիքս է, որ Հայաստանի Հանրապետությունում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ, նորմալ կյանքի վերադարձ լինի և ես ուզում եմ ասել, որ բարձր մասնակցություն կա այս պահին ամբողջ Հանրապետությունում։ Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Քարոզարշավով քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս, որովհետև Հայաստանի Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսօր ժողովուրդը որոշելու է, թե ինչպիսի՞ խորհրդարան ենք մենք ունենալու և այդ խորհրդարանը ինչպիսի կառավարություն է ձևավորելու և ՀՀ-ն իր մարտահրավերները ինչպես է դիմագրավելու»,- մանրամասնեց նա։
ԼՀԿ նախագահը շեշտեց, որ վստահ է, որ ՀՀ-ն ունենալու է բազմաթիվ կուսակցությունների պառլամենտ։
Նա նաև անդրադարձել է վերջին օրերի բռնություններին ու ձերակալություններին։
«Մեր ուժից չկան ձերբակալություններ, այլ ուժերից էլ մամուլից եմ տեղեկանում, որ կան։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ամեն դեպքում մենք քարոզարշավի մեկնարկին հայտարարեցինք, որ ոչ մի տեղ չենք բացելու ֆիզիկական շտաբներ, ֆիզիկական շտաբները դրանք նաև պրովոկացիայի բուն են։ Օրինակ՝ ԱԱԾ-ից մարդ են մտցնում այդ շտաբի մեջ, այդ մարդը սկսում է գաղտնալսել, մեկը մի բան է ասում, էն մեկը մի բան է ասում։
Ես երկու օր առաջ վերջին բռնությունների դեպքերով դատապարտել եմ բոլոր բռնությունները, նաև Փաշինյանի ուղիղ երեսին եմ ասել դեբատի ժամանակ, հետևողական ենք լինելու, անկախ որևէ արդյունքից, բոլոր ընտրակեղծարարները, ովքեր որ կփորձեն կեղծիքների թույլ տալ, բոլոր բռնություններ անողները, քարոզարշավի կանոնները խախտողները, հանրայինի անհավասարաչափ լուսաբանումը, բոլորը պատասխան են տալու, չկասկածեք»,- ասաց Է. Մարուքյանը։



