ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Չի կարող խոսք լինել աբխազական երկաթուղու բացման կամ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին. Բոճորիշվիլի

Չի կարող խոսք լինել աբխազական երկաթուղու բացման կամ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին. Բոճորիշվիլի

Երբ վրացական տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից, չի կարող խոսք լինել երկաթուղային հաղորդակցության կամ հարաբերությունների վերականգնման մասին, ինչպես նաև անտեղի է խոսել չեզոքության մասին: Այս մասին խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, հայտնում է 1tv.ge-ն:

Ինչպես նախարարը հայտնել է պատգամավորներին, գոյություն ունեցող միջազգային մեխանիզմներն ու գործիքները մշտապես օգտագործվում են միջազգային հանրությանը Ռուսաստանի ապօրինի գործողությունների մասին տեղեկացնելու և դրանց արձագանքելու համար։

«Մասնավորապես, 2025 թվականի փետրվարի 20-ին համապատասխան նոտա է ուղարկվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն, որտեղ նշվում է, որ օկուպացված Աբխազիայում առանց Վրաստանի կառավարության թույլտվության իրականացվող թռիչքներն ապօրինի են և իրականացվում են միջազգային իրավունքի խախտմամբ։ Վրացական դիվանագիտական ծառայությունը շարունակում է աշխատել բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնց շրջանակներում մենք հնարավորություն ունենք օգտագործել ցանկացած գործիք՝ մեր հայտարարած նպատակին հասնելու համար, այն է՝ հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասել է Բոճորիշվիլին։

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ օկուպացիան ինքնին ապօրինի գործողություն է, միջազգային նորմերի խախտում, և, համապատասխանաբար, այն ամենը, ինչ իրականացվում է դրա շրջանակներում, պետք է գնահատվի որպես ապօրինի ակտ, և հենց դա էլ տեղի է ունենում։

«Վրաստանի կառավարության վերաբերմունքը հստակ երևում է 2021-2025 թվականների միջազգային դատարանների որոշումներում։ Դրանք մեր միջազգային իրավական պայքարի արդյունքներն են, որոնցով մենք իրավաբանորեն ապացուցում ենք մեր դիրքորոշումներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ վրացական տարածքների անօրինական օկուպացիայի վերաբերյալ։ Այս համատեքստում, երբ Վրաստանի տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից, չի կարող խոսք լինել երկաթուղային հաղորդակցության կամ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին. անտեղի է նաև խոսել չեզոքության հարցի մասին, որը նույնպես կասկածի տակ էր դրվել», — նշել է Բոճորիշվիլին։

  • Կիսվել: