Չեզոք Սահմանադրական դատարան չենք ունենա մինչև 2035 թվականը, եթե այսօր չփոխենք այդ իրավիճակը. Փաշինյան
Մեր քաղաքական ուժի նպատակն է՝ Հայաստանում սահմանադրական իրականություն հաստատելը, ինչին մենք հասել ենք. այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ինքը կարող է ձևավորել իշխանություն, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, 2015-ին ընդունված Սահմանադրությամբ նախանշված է Սահմանադրական դատարանի մոդել, որը հիացմունք է առաջացրել միջազգային հանրության շրջանում։ Բանն այն է, որ ըստ Փաշինյանի, Սահմանադրության նոր մոդելով ՍԴ-ի քաղաքականացվածության և կուսակցականացվածության վտանգները էականորեն չեզոքացված են, մինչդեռ նախկինում այդպես չի եղել՝ ՍԴ անդամին ընտրած բոլոր մարմինները ներկայացրել են իշխող կուսակցությունը։ «Չեզոք Սահամանդրական դատարան չենք ունենա մինչև 2035 թվականը, եթե այսօր չփոխենք այդ իրավիճակը», նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով, այս իրավիճակը նախկին իշխանության ժամանակ խորհրդրանական մեծամասնության՝ Հանրապետական կուսակցության մանիպուլյացիայի հետևանքն է։ Վարչապետը վերահաստատեց իր դիրքորոշումը և պնդեց, որ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրվել Սահմանադրության նոր կարգավորումները ուժի մեջ մտնելուց մի քանի օր առաջ, իրավաբանական մանևրերի արդյունքում։
Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, քանի որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու համար կատարվել է պաշտոնեական կեղծիք։ «Կատարվել է կուլիսային գործարք», նշեց Փաշինյանը։ Հարցին, թե ինչո՞ւ այժմ փոխել Սահմանադրության միայն մեկ հոդված և չսպասել սահմանդրության փոփոխությունների ամբողջ փաթեթի ներկայացմանը, Փաշինյանն ի պատասխան ասաց, որ սպասվում են սահմանադրության գլոբալ փոփոխություններ, իսկ մինչ այդ պետք է այնպես անել, որ գործող Սահմանադրությունը սկսի գործել լիարժեք և որի արդյունքում սահմանդրական իրականություն կհաստատվի։