շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան ծախս էր արել, որ այդ պատերազմը չլիներ, ինչ է՝ քո նախագահը Ռոբերտ Քոչարյանն է․ Սարգսյան

Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան ծախս էր արել, որ այդ պատերազմը չլիներ, ինչ է՝ քո նախագահը Ռոբերտ Քոչարյանն է․ Սարգսյան

Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ բանակն իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնելու: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը։

«Եթե Գլխավոր շտաբը հայտարարել է, դա արդեն իսկ հեղաշրջման փորձ է, եթե տանկերը մտցնեին և ձերբակալեին վարչապետին, կլիներ ռազմական հեղաշրջում: Հեղաշրջումը լավ բան չէ, ճիշտ է ժողովրդի կարծիքը հարցնել ընտրություների միջոցով»,- ասաց Սարգսյանը: 

Դիտարկմանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, պատերազմ չէր լինի, Սարգսյանը նշեց.

«Ադրբեջանը համագործակցել է Թուրքիայի հետ՝ պատերազմում օգտագործելով մեծ ծավալի առաջադեմ զինտեխնիկա, մի քանի անգամ ավելի մարդուժ, և այդ պայմաններում մենք դատապարտված էինք պարտվելու, ով էլ լիներ երկրի ղեկավար, չէինք հաղթելու: Երբ հակառակորդդ քեզնից այդքան ուժեղ է, նախագահդ ով ուզում է լիներ՝ հանճար լիներ, Սողոմոն իմաստունը, պատերազմը չէր հաղթելու: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան ծախս էր արել, որ այդ պատերազմը չլիներ, ինչ է՝ քո նախագահը Ռոբերտ Քոչարյանն է»: 

Անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 19-ին վարչապետին առաջարկվել է կանգնեցնել պատերազմը՝ Սարգսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Սերգեյ Լավրովը կողմերի հետ պայմանավորվել էր հրադադարի մասին, սակայն հակառակորդը չպահպանեց պայմանավորվածությունները:  

Հարցին ի պատասխան՝ արդյոք «Հոկտեմբերի 27»-ի բոլո՞ր մեղավորներն են պատժված, Արամ Սարգսյանն ասաց.

«Հեկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը հայտարարեց, որ այդ հինգն են, ու վերջ: Շատ մարդիկ՝ Անդրանիկ Մարգարյանից սկսած մինչև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, չէին կիսում այդ տեսակետը, որ կազմակերպիչներ չկան, այդ հինգն են, սակայն Քոչարյանը գտնում է, որ բացահայտված է գործը, անելիք չկա, այդ հինգն են, ու վերջ: Ես գտնում եմ, որ Հոկտեմբերի 27-ն ունի կազմակերպիչներ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչներ, պատահական չեմ համարում հանցագործների՝ Ուկրաինայով Թուրքիա այցելելը, պատահական չեմ համարում ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչ Լիտվինենկոյի առաջարկած տարբերակը, որը դեռ պետք է ստուգվի, պատասհական չեմ համարում, որ ռուս-ադրբեջանական-թուրքական պայմանավորվածությունների արդյունք էր թե՛ ապրիլյան պատերազմը, թե՛ վերջին Արցախյան պատերազմը, և դա Հոկտեմբերի 27-ի հիմքերի հիմքն է»:

  • Կիսվել: