Ցանկանում են զսպաշապիկ հագցնել ընդդիմությանը, ստիպել խաղալ իրենց խաղը․ Մինասյանը՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու մասին
Իշխանությունը փորձում է քանակական մեծամասնության ուժով իր համար ոչ ցանկալի ընդդիմադիրներին զրկել Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու ՔՊ նախագծին։
«Սա ՔՊ-ի հերթական հակաքաղաքական, հակասահմանադրական ապօրինություն է։ Իրենք ցանկանում են զսպաշապիկ հագցնել ընդդիմությանը, ստիպել խաղալ իրենց խաղը»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ ընդդիմությունը նոր թեկնածուի չի առաջադրելու, եւ եթե անգամ իշխանությունն էլ չառաջադրի, միեւնույն է նախագահի լիազորություններն անցնելու է նրանց։
«Նիստերից բացակայելով ինքը քաղաքական տեսակետ է արտահայտել, նույն է, որ քվերակությունների բոյկոտը որպես պատճառ օգտագործվի։ Միաժամանակ Թագուհի Թովմասյանը, թե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, թե Արցախում մշտապես ակտիվ է եղել։ Չեմ տեսնում այլ հանձնաժողովի նախագահի, որը նման մասշտաբի աշխատանք բերի։ Գուցե որոշ մարդկանց ախորժակը տանում է այդ նախագահի պաշտոնին, ծառայողական մեքենա ունենալուն կամ գուցե ականջ կտրելու ցանկությունն ավելի հեշտ կիրացնեն»,- ընդգծեց Մինասյանը՝ անհիմն համարելով Թագուհի Թովմասյանին պաշտոնից ազատելու իշխանականների նախագօծը։