երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև ԼՂ հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա

Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև ԼՂ հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ բրյուսելյան հանդիպումները մյուս ձևաչափերին չեն հակասում:

Բրյուսելում վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

«Մեր համոզմամբ, առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար», - ընդգծել է եվրոպացի դիվանագետը։

Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը կքննարկվեն օրակարգի բոլոր հարցերը, այդ թվում՝ մարդասիրական խնդիրները, սահմանի դելիմիտացիան, խաղաղության համաձայնագիրը, Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը։

Վերջին անգամ այս ձևաչափով առաջնորդները հանդիպել էին երկու ամիս առաջ՝ վերահաստատելով հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:

  • Կիսվել: