չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բրյուսելում հարցրել եմ` ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ ՆԱՏՕ-ի անդամը պատերազմի գնաց Հայաստանի դեմ․ՀՀ Նախագահ

Բրյուսելում հարցրել եմ` ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ ՆԱՏՕ-ի անդամը պատերազմի գնաց Հայաստանի դեմ․ՀՀ Նախագահ

Մենք մեր հաղթանակը կայուն խաղաղության վերածելու մեծ հնարավորություն ունեինք։ Բայց չօգտագործեցինք: Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Հարցին, թե որո՞նք են, նրա կարծիքով, երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները եւ հնարավո՞ր է արդյոք երրորդը, նախագահը նշել է. «Եկեք թողնենք երրորդի հնարավորությունը Աստծուն։ Առաջին պատերազմը մենք հաղթեցինք, քանի որ Ադրբեջանից 2-3 տարի առաջ էինք՝ զինված ուժերի կազմակերպման, խորհրդային բանակում ծառայած, Աֆղանստանում կռված հայերի օգտագործման հարցում։ Մեծ ցանկություն եւ աջակցություն կար։ Այո, այն ժամանակ էլ կար Թուրքիան, բայց` ոչ նման մասշտաբով, ոչ այդքան բաց ձեւով կիրառվեց նաեւ ՆԱՏՕ-ի զենքը։

Իսկ հետո` 26 տարի առաջին պատերազմից հետո։ Եվ մենք մեր հաղթանակը կայուն խաղաղության վերածելու մեծ հնարավորություն ունեինք։ Բայց չօգտագործեցինք: Եւ լրջորեն հետ մնացինք։ Որովհետեւ դեռ Հեյդար Ալիեւի գլխավորությամբ Ադրբեջանը հասկացավ, որ իրենց առավելությունը նավթն է։ Եվ ամեն ինչ արեց` այն միջազգային շուկա դուրս բերելու համար։ Արդյունքում ժամանակի ընթացքում մենք կորցրեցինք մեր բոլոր առավելությունները։ Բացի այդ, ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զենք գնեց, Թուրքիայի տարածքով բացահայտ կերպով ռազմադաշտ բերեց ՆԱՏՕ-ի զինատեսակները, հավաքեց հազարավոր վարձկանների ամբողջ աշխարհից։ Ես ուղիղ ձեւով հարցրել եմ Բրյուսելում իմ գործընկերներին` ինչպե՞ս են նրանք վերաբերվում այն ​​փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամը պատերազմով գնաց Հայաստանի դեմ։ Ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ: Դե, իհարկե, ես պատասխան չստացա, Թուրքիան այնտեղ հատուկ կարգավիճակ ունի»։

Հարցին` արդյո՞ք Հայաստանը կարող էր համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ այդ հարցը պետք է ուղղվի վարչապետին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին։ «Ես ձեզ արդեն հայտնել եմ իմ կարծիքը ՆԱՏՕ-ի մասին, հասցրել եմ այն դաշինքի գլխավոր քարտուղարին։ Ես դեռ չեմ հասկանում, թե ինչպես պատահեց, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձավ մեր պատերազմի մասնակից։ Հայաստանն արդեն 30 տարի հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ. անգամ իր զինվորներին ուղարկում էր աշխարհի տարբեր տարածաշրջանների թեժ կետեր։ Եվ այսպիսի՞ պատասխան»,- հարցրել է նախագահը։

  • Կիսվել: