շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց․ Փաշինյան

Բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրող իր հարցի իրավունքը զիջեց կառավարության դիմաց նստացույց հայտարարած  զոհված զինծառայողների ծնողներին եւ միացրեց ձայնագրիչը եւ հնչեցրեց նրանց երկու հարցերը:

Զոհված զինծառայողների ծնողները ունեին երկու հարց. «Երկու հարց ունենք Նիկոլ Փաշինյանին. Առաջինը վերաբերում է այս պահին կալանավորված Գայանե Հակոբյանին. Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար եւ դավաճանական քաղաքականության արդյունքում, եւ որը ի տարբերություն ձեր որդի Աշոտիկի, այսօր քաղաքում հանգիստ շրջելու փոխարեն ննջում է  Եռաբլուրում:

Երկրորդը. ժամանակին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է ու վերջ: Ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ եւ տարավ ձեր նշած Հայաստան Արցախը պաշտպանելու, 44-օրյա պատերազմին մեր տղաները զոհվեցին:  Այժմ դուք ձեր դեմքին նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ  Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին խաբել եւ այդ մասին չէին ասում: Եթե Արցախն Ադրբեջան էր, ինչու մեր որդիներին տարաք եւ սպանեցիք Ադրբեջանում: Դուք տարաք եւ ոչ թե նախկինները»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյնը միայն ասաց. «Հայաստանի ԶՈՒ եւ ԼՂ հարաբերությունների վերաբերյալ ես որեւէ այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց: Իմ որդին որպես կամավոր ծառայել է նաեւ ԼՂ-ում: Մնացած հարցերին ես արդեն պատասխանել եմ ի պատասխան լրագրողների հարցերի»:

  • Կիսվել: