ԲՀԿ-ն մնացել է Գյումրի-Երեւան մայրուղու վրա՝ Հյուսիս-հարավ հատվածում․ «Իմ քայլի» պատգամավոր
ԲՀԿ-ն մնացել է Գյումրի-Երեւան մայրուղու վրա և հատկապես Հյուսիս-հարավ հատվածում։ Այս մասին Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը՝ հիշելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ամանորյա ուղերձը։
Պատգամովրի խոսքով՝ կառավարության կողմից ներկայացված երկու նախագծերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ընդունվել են սվիններով և այստեղ այդ քննարկումները վերածվել են քաղաքակրթական և արժեհամակարգային բախման։
«Այսօր հերթական անգամ այս բախման գլխավոր դերակատար դարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որին միացան ԲՀԿ խմբակցության մյուս «ինտելեկտուալ» պատգամավորները և ի ցույց դրեցին քրեական մշակույթին հարիր իրենց գիտելիքները ողջ խտությամբ, դահլիճում նույնիսկ հնչեցին հայհոյանքներ։ Ցավում եմ, որ այդ ընթացքում պարոն Մարուքյանը և պարոն Գորգիսյանը անթաքույց հրճվում էին։ Այս ամենից հետո Գևորգ Պետրոսյանը հաղթական կեցվածքով լրագրողներին հարցազրույց տվեց և ասաց, որ ինքը վատ բան չի արել, ոչ մեկ թող իր վրա չվերցներ իր ասածները»,- ասաց նա։
Դավոյանը հավելեց, որ վաղն էլ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարող է գալ Աժ և ասել՝ ես Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ, Արթուր Դալլաքյանինն էլ հետը։