ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այս մասին այսօր ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ նիստի ժամանակ կուսակցության քաղաքական խորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները, պատգամավորները ներկայացրել են իրենց դիրքորոշումները սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։
«Գագիկ Ծառուկյանը լսելով բոլորի տեսակետը, ապա հայտնել իրենը՝ նշեց, որ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարևորագույն գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չենք կարող որեւէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին»,- ասաց նա։
Այնուհետև Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց ԲՀԿ-ի հայտարարությունը, որում ասված է.
«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից, իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով «սև-սպիտակի» կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի: Ժամանակ է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման այս էջը և մեր բոլոր հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա կերտելու գործին:
ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայելու այս ամենը կյանքի կոչելու համար, ուստի ԲՀԿ-ի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»: