ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու Հայաստան-Ադրբեջան բանակցությունները

Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու Հայաստան-Ադրբեջան բանակցությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել երկկողմ համագործակցության առավել կարևոր հարցերի և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ թեմաներ, հայտնում են ԻԻՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ Աբդոլլահիանը, մասնավորապես, ասել է, որ երկու երկրների միջև համագործակցության գործընթացը ներկայումս գտնվում է կառուցողական և դրական ուղու վրա:

՛՛Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարևորել է Աբդոլլահիանի՝ վերջերս Բաքու կատարած այցը՝ հավելելով, որ այդ այցից հետո ամենակարճ ժամկետում իրենք տեսնում են դրա դրական ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների վրա:

Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դիրքորոշման համար և խոսել Հայաստանի հետ բանակցություններում վերջին իրավիճակի և Լաչինի միջանցքի մասին:

Կողմերը տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունն ու միջամտությունը գնահատել են ոչ կառուցողական և ընդգծել տարածաշրջանի երկրների ու սուբյեկտների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը՛՛,-ասված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: