հինգշաբթի, հունիս 6
6 / 6 / 2024
Բաքվի հետ ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ փոխգործակցությունը. Զախարովա

Բաքվի հետ ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ փոխգործակցությունը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված հռչակագրին և ասել, որ այն որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար։ 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք կատարելու ենք մեր բոլոր պարտավորությունները Երևանի հանդեպ, որը մեր հին և մոտ դաշնակիցն է։ Մեր համոզմամբ` Բաքվի հետ ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցությունը՛՛։

Զախարովայի խոսքով՝  հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները՝ Ռուսաստանը մշտապես թարմացնում է Հայաստանի հետ իր երկկողմ պայմանագրային ու իրավական բազան, որը ներկայում մոտ 200 փաստաթղթից է բաղկացած։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրն աշխատում է ի նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման։

Այս համատեքստում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. ՛՛Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը, Ադրբեջանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում կա կետ այն մասին, որ կողմերը համատեղ նպաստելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածության դրույթներն իրականացնելուն՛՛։

Ըստ նրա՝ 10-րդ կետով ամրագրված է, որ կողմերը փոխգործակցելու են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող խնդիրների լուծման հարցում և սերտ համագործակցելու են տարածաշրջանի պետությունների միջև երկարատև խաղաղություն հաստատելու հարցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:

  • Կիսվել: