շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բանակը ոչ մի հրամանի պետք է չենթարկվի. Վազգեն Մանուկյան

Բանակը ոչ մի հրամանի պետք է չենթարկվի. Վազգեն Մանուկյան

Այն մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը, բայց միացած չեն մեզ, անհամեմատ ավելի շատ են, քան այստեղ հավաքվածները՝ տարբեր պատճառներով: Ես կոչ եմ անում իրենց՝ այս հայրենիքը ձերն էլ է, միայն մերը չէ: Չեք ուզում մեզ հետ համագործակցել, ստեղծեք ձեր կազմակերպությունները, ինքնուրույն որոշումներ ընդունեք, ինչքան ցանցային լինի, անկանխատեսելի լինի, այնքան շուտ կհասնենք մեր նպատակին: Այս մասին այսօր Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ մենք կորցրել ենք հայրենիքի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, իսկ վախեցած Ալիևը, որն առաջ ծպտուն չէր հանում, հիմա արհամարհանքով է խոսում մեր մասին: 

՛՛Մեզնից է միայն կախված, որ ինչ-որ թափթփուկ, անպիտան մարդիկ ուղղակի նստել են ղեկին: Նախկին իշխանություններին մեղադրում էին, որ փող էին բաժանում ընտրությունների ժամանակ: Իհարկե, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, առնվազն 5-6 կուսակցություն փող էին բաժանում, որ գան պաշտոնի: Իսկ սա պետության փողը բաժանում է ոստիկանությանը, որ իրեն ծառայեն: Ո՞րն է ավելի մեծ հանցագործություն: Այսինքն՝ իր միակ հենարանը մնացել է ոստիկանությանը փող բաժանելով պահել իշխանությունը՛՛,-ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո:

Մանուկյանն անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մինչեւ հիմա ԳՇ պետին ազատելու միջնորդության հարցով  ՍԴ-ին չդիմելուն: ՛՛Ես հարցնում եմ՝ ինչու: Իր պարտկանությունն է դա: Ինքը ոչ թե երեք օր պետք է սպասեր, հենց առաջին օրը պետք է դա աներ: Մենք պահանջելու ենք եւ ինքը պետք է կատարի այդ պարտքը: Եթե չի կատարում իր պարտքը, ապա Շուշիի անկումն իր խղճի վրա է:

Ասում են, եթե նախագահը չդիմի ՍԴ, ապա իրավաբաններն ասում են՝ այսպես կլինի, հետո կդիմեն վարչական դատարան: Բայց բանակն ի՞նչ կապ ունի դատարանների հետ. բանակը պետք է ասի՝ ես թքած ունենամ ձեր հրամանների վրա, ես հիմա խրամատում եմ, ինձ ով կարա ռազմաճակատից դուրս հանի: Ես կոչ եմ անում բանակին՝ դուք հիմա գտնվում եք ռազմաճակատում, ձեր մեջքի հետեւում Հայաստանն է, ձեր որոշումից, ինչպես պատերազմի ժամանակ էր շատ բան կախված, նույնը հիմա է, պատերազմը շարունակվում է: Ոչ մի հրամանի պետք է չենթարկվեք, ինչ կորոշի այս դատարանը, ինչ կորոշի ՍԴ-ն, մենք դրանից արդեն անցել ենք: Պետությունը մահանում է եւ պետությունը փրկելը ցանկացած օրենքից բարձր է՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: