Բանակին վերաբերող «մութ դրվագ» պետք է չլինի․ Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի կալանավորման մասին
Բոլորն են հետաքրքրված, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը, քանի որ բանակին վերաբերող «մութ դրվագ», «մութ էջ» պետք է չլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի կալանավորմանը։
«Նախաքննական մարմինն այն, ինչ պետք է տեղեկացներ հասարակությանը, տեղեկացրել է»,- ասաց նա։
Քոչարյանը հայտարարեց նաև, որ Դավիթ Տոնոյանը «քավության նոխազ» չէ, մամուլի հրապարակումներն էլ, թե նրան կալանավորել են, որպեսզի պատերազմի որոշակի դրվագների մասին չխոսի և «չհարվածի» իշխանությանը, ճիշտ չեն։
Նա հորդորեց բավարարվել նախաքննական մարմնի հաղորդագրություններով․
«Դուք պետք է ուրախանաք, որ իշխանությունները որևէ կոմպլեքս չունեն որևէ քրեական գործով որևէ մեկի նկատմամբ հետևողական խնդիր լուծելու։ Չկա այդպիսի բան»։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է ՊՆ-ին $5 մլն անսարք հրթիռներ մատակարարելու գործի շրջանակներում: