երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բանակի թալանը ոչ մեկին չի ներվելու՝ ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ դոշին. Փաշինյանը խոսել է նաև 2018-ից հետո բանակից «գողացողների» մասին

Բանակի թալանը ոչ մեկին չի ներվելու՝ ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ դոշին. Փաշինյանը խոսել է նաև 2018-ից հետո բանակից «գողացողների» մասին

2018-ից հետո, մենք բանակի արդիականացման համար հսկայական գումարներ ենք ուղղել, սակայն պարզվել է, որ նույնիսկ մեր իշխանության օրոք այդ գումարները միշտ չէ որ հասել են իրենց նպատակին։ Այս մասին Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնանը։

«Իսկ ինչո՞ւ մենք պետք է որևէ մեկին ներենք սա, ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ ուզում է լինի դոշին, ինչո՞ւ պետք է ներենք։ Չկա ներում այդ մարդկանց։ Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ էդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, այլ չգիտեմ ում։ Սրանից մեծ դավաճանություն չկա։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ լինի, տո նախագահ լինի, տո նախարար լինի՝ չի ներվելու»,- շեշտեց վարչապետը։

Նա պատմեց, որ դեռ 2018 թվականին մի քանի առիթներով հանդիպել է բանակի ղեկավարության հետ, ասել նրանց, որ տարբեր նամակներ է ստանում. «Հարցրել եմ, կարող է այսպիսի բան լինի, ասել են՝ պարոն վարչապետ, բա ամոթ չի»։

Նա հավելել է, որ այդ ժամանակ վստահել է բանակի ղեկավարության հավաստիացումներին, միևնույն ժամանակ խստագույնս նախազգուշացրել, որ Զինված ուժերից գումար «գողացողը» կդառնա իր անձնական թշնամին։

«Բոլորը համաձայնել են իմ այս պայմանին, դե թող հիմա չգոռան, չբղավեն»,- շեշտեց Փաշինյանը՝ նորից հավելելով, որ բանակից «գողացողները» պետք է օրենքի ողջ խստությամբ պատասխան տան։
 
Նա նշել է, որ իշխանության գալուց հետո, հասկանալով պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները, կադրային փոփոխությունների ձեռնամուխ չի եղել. «Իմ սկզբունքը այն է՝ վստահել մարդուն, մինչև հակառակը չապացուցվի, դե թող հիմա իրավապահ համակարգը զբաղվի նրանցով, դատերն էլ թող լինեն հրապարակային, որպեսզի հանրությունն էլ տա իր գնահատականը»,- եզրափակել է Փաշինյանը։
 

  • Կիսվել: