շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաղրամյան պողոտայից են որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը․ Արթուր Վանեցյան

Բաղրամյան պողոտայից են որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը․ Արթուր Վանեցյան

Բաղրամյան պողոտայում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը, թե նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, սակայն Հայաստանում ներքաղաքական զարգացումները դրան խոչընդոտեցին։

Վանեցյանի խոսքով՝ հերթական անգամ փորձում են իրենց ապաշնորհությունը և  անկարողությունը բարդել այս կամ այն մարդու վրա։ Ըստ նրա՝ ընդդիմությունը բացառապես ունի իր օրակարգը և գերիների վերադարձի հարցը և առհասարակ անվտանգային համակարգում առկա խնդիրները լուծելու հետ կապված ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չի խանգարում։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին, ապա նա ասաց․

«Կանխատեսումներ անելը այս փուլում անշնորհակալ գործ է, բայց հուսով ենք, որ նախագահը կիրականացնի իր խոստումը և անպայման կդիմի Սահմանադրական դատարան»,– ասաց նա և նշեց, որ եթե չդիմի տեղում կհասկանան ինչ անել։

«Ես կարծում եմ, որ պլան Ա–ն դեռևս նորմալ աշխատում է և հույս ունեմ, որ պլան Բ–ի իրագործման կարիք չի լինի»,–ասաց նա։

Արթուր Վանեցյանը նկատեց, որ ի սկզբանե ընդդիմության պահանջը եղել է արտահերթ ընտրություններ, բայց իրենք պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է լինեն ընտրություններ։ Ըստ նրա՝ իրենց համառ պայքարի արդյունքում և հանրային ճնշման ավելացման դեպքում կհասնեն արդյունքի։

«Այլևս քաղաքական օրակարգը թելադրվում է Բաղրամյան պողոտայից և այստեղից է որոշվելու Հայաստանի Հանրապետության ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը»,–ասաց նա և հավելեց, որ բացառապես Գագիկ Ծառուկյանի որոշումն է՝ կգնա՞ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, թե՞ ոչ։

  • Կիսվել: