շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բացառում եմ, որ մենք պաշտպանենք իշխող խմբակցության առաջադրած նախագահի թեկնածուին․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար

Բացառում եմ, որ մենք պաշտպանենք իշխող խմբակցության առաջադրած նախագահի թեկնածուին․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար

Մենք ունենք անվտանգության լրջագույն սպառնալիքներ։ Հունվարի 28-ին եղել եմ առաջնագծում, արդեն սահմանամերձ դարձած գյուղերում և տեսել եմ, թե ինչ խնդիրներ կան այնտեղ, թե ինչպես է իրեն պահում թշնամին, թե ուր է արդեն եկել, հասել թշնամին։ Այս ամենը թողնելով՝ ինչի՞ մասին պետք է խոսենք խորհրդարանում, «Ազատություն» TV-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով ԱԺ-ում ընդդիմության գործունեության վերաբերյալ գնահատականներին։

Նա շեշտել է՝ այն դեպքում, երբ երկրում չկան անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, ինչի պատճառով արտագաղթն աննախադեպ ծավալով աճում է, խորհրդարանական ընդդիմությունը երկիրն այսպիսի ծայրահեղ վիճակի հասցրած իշխանության հետ ԱԺ-ում չի կարող քննարկում ծավալել կեղծ օրակարգերի շուրջ։

«Ես ԱԺ ամբիոնից իմ ելույթում, հենց առաջին օրը, նշել եմ․ եթե հարց կլինի, որը կվերաբերի ՀՀ շահերին, ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացնելուն, Արցախի Հանրապետության շահերին, մենք, միանշանակ, հանդես ենք գալու միասնական ճակատով, անգամ այս իշխանությունների հետ, բայց այս պայմաններում ես չեմ կարող նստել և քննարկել, օրինակ, ծառատունկի մասին նախագծերը», - ընդգծել է Արթուր Վանեցյանը։ 

Ինչ վերաբերում է իշխանության կողմից առաջադրած նախագահի թեկնածուին, Վանեցյանը բացառել է, որ իրենք պաշտպանեն նրա թեկնածությունը:

Վանեցյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը քննարկում չի ծավալել նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի շուրջ․ առաջիկա օրերին, երբ նախագահի հրաժարականը պաշտոնապես հաստատվի, քննարկումներ կծավալվեն նաև գործընկեր «Հայաստան» խմբակցության հետ, որից հետո որոշում կկայացվի՝ իրենց կողմից թեկնածու առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե նախագահը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, թե ոչ, իրականում ոչինչ չի փոխվի։ Ես ասել եմ ու շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունում չկան նախարարներ, այլ պաշտոնյաներ․ ամբողջը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, և խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ «Ե՛ս թույլ չեմ տվել Էկոնոմիկայի նախարարին հրաժարական տալ», խոսում է այն մասին, որ Փաշինյանի իշխանությունում բոլոր որոշումները կայացվում են նրա կողմից։ Որևէ առարկայական, բովանդակային քննարկում այս իշխանությունները չեն ունենում։ Կա Նիկոլ Փաշինյան, կա նրա կարծիքը և նրա որոշումը։ Վերջ», - եզրափակել է Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: