երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի  հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի  17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն  Յոլյանի  լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք՝ Լևոն Յոլյանը այս պաշտոնին ընտրվել էր 2017-ի փետրվարի 27-ին, երբ դեռ պալատը կոչվում էր Վերահսկիչ:

Սահմանադրության 199-րդ հոդվածի (Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը) 2-րդ կետի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: 

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ:

  • Կիսվել: