երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին հավանություն տալու հարցը:  նման առաջարկ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ առաջարկում եմ նիստն անցկացնել փակ ռեժիմով: Երբ քվեարկելու լինենք նախագիծը, այդ հատվածը բաց կլինի»,- ասաց Ռուբինյանը:

Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ:

Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:

  • Կիսվել: