երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԱԶԲ-ն պատրաստակամ է աջակցելու կրթական կառավարման բարեփոխումներին

ԱԶԲ-ն պատրաստակամ է աջակցելու կրթական կառավարման բարեփոխումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք արդյունավետ շարունակություն կունենան։ Նա ասել է, որ հայկական կողմը հավատարիմ է սկսած ծրագրերն ավարտին հասցնելու հանձնառությանը՝ ընդգծելով դրանց արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։

Պաոլո Սպանտիգատին շնորհավորել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կծավալվի արդյունավետ փոխգործակցություն։

ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանի խոսքով՝ ԱԶԲ-ն պատրաստակամ է նաև աջակցել կրթական կառավարման ամբողջական համակարգի մշակման աշխատանքներին։ Նախարար Հարությունյանն ասել է, որ նախարարությունը հետաքրքրված է կրթական կառավարման արդյունավետ համակարգի ներդրմամբ, ինչը հնարավորություն կտա կրթական բարեփոխումներն առավել արագ ավարտին հասցնել:

  • Կիսվել: