շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այստեղ ԱԺ-ն է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը, ԱԺ-ը ռազբորկաների տեղ չէ. Հովիկ Աղազարյան

Այստեղ ԱԺ-ն է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը, ԱԺ-ը ռազբորկաների տեղ չէ. Հովիկ Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մանրամասնեց, թե ինչ է ասել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանին, որից հետո սկսվեց քաշքշուկը:

«Թատերական կերպով ամբիոնից իջավ հակառակ ուղությամբ, սովորաբար մեր ընդդիմադիր գործիչները էն կողմով իջնում, գնում են, կանգնեց, նայեց դատավորի կողմ, և ասաց՝ մի հատ նայի իմ աչքերին: Էն որ դիտողություն արեց ԱԺ նախագահը, երբ որ նմանատիպ բան արեց ամբիոնից, դա երևի բավարար չէր: Հիմա ինքը եկավ այդտեղ: Ես էլ այդտեղ նստած եմ՝ անմիջապես իր դիմաց: Ես պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի: Դիտողություն արեցի, ասացի՝ այստեղ թատրոն չէ, նստեք ձեր տեղը»,- պատմեց Հովիկ Աղազարյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե պատգամավորն ասել է՝ վե՛ր ընկեք ձեր տեղը, Աղազարյանը պատասխանեց. «Դա հետո, չեմ կարող ասել, կարող է պատահել՝ հետո: Բայց ինքն էլ է ասել... Հայհոյանք հաստատ չի եղել»:

Լրագրողի դիտարկմանը, թե այդ կերպ Հովիկ Աղազարյանը դատավորի պաշտպանությամբ է զբաղվել, պետք է «դատավորը ինքը պատասխաներ, համարձակություն ունենար», պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ, ներողությո՛ւն, որովհետև այստեղ ԱԺ-ն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ե՛ս եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ելույթի ժամանակ մեղադրել էր դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին նախկինում իր մասին անարդար դատական վճիռ կայացնելու համար: Ելույթին տեղից արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը, որից հետո իրավիճակը լարվել էր, վերածվել քաշքշուկի: Դահլիճից դուրս «Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև անվտանգության աշխատակիցների հետ են վիճել:

 

  • Կիսվել: