կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսօրվա իրադրությունը պահանջում է որոշումներ, որոնք պետք է իրականանան հայ ժողովրդի համախմբման շնորհիվ. Այվազյան

Այսօրվա իրադրությունը պահանջում է որոշումներ, որոնք պետք է իրականանան հայ ժողովրդի համախմբման շնորհիվ. Այվազյան

Որպես առաջին այցի վայր Մոսկվայի ընտրությունն ամբողջությամբ համընկնում է հայ-ռուսական դաշնակցային, խոր արմատներ ունեցող եղբայրական հարաբերությունների և մեր երկրների եղբայրական կապերի ոգուն: Շնորհակալ եմ ՌԴ այցի հրավերի համար: Այդ մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: 

«Այդ ամենն արտացոլվում է մեր երկրների քաղաքացիների միջև միջանձնային և մեր միջպետական հարաբերություններում: Այդպես է եղել պատմության ընթացքում՝ հաղթանակների և ոչ միայն: Ինչպես քիչ առաջ նշեցիք, այդպես է եղել նաև Սպիտակի երկրաշարժի օրերին, որի 32-րդ տարելիցն է այսօր»,- նշեց Այվազյանը:

ՀՀ արտգործնախարարն ասաց, որ Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ և Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հանդեպ սանձազերծված լայնածավալ պատերազմը նոր ցնցում էր: 
 
«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ Ձեզ՝ Սերգեյ Վիկտորի, հակամարտության գոտում մարտական գործողությունների և կրակի դադարեցմանն ուղղված հետևողական ջանքերի և անձնական ներդրման համար»,- ընդգծեց Այվազյանը:
 
Նրա խոսքով՝ այսօր ձևավորված իրադրությունը, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակում, պահանջում է գնահատականներ և որոշումներ, որոնք պետք է իրականանան հասարակության և ամբողջ հայ ժողովրդի համախմբման, Հայաստանի պետական կառույցների հստակ գործունեության շնորհիվ:
 
«Հույս ունեմ, որ կշարունակենք քննարկումները, որոնց մեկնարկը տրվել էր նոյեմբերին՝ Երևանում միջգերատեսչական պատվիրակության այցի ընթացքում»,- նշեց նախարարը:

  • Կիսվել: