Այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ՝ դեպի ապագա, հարցումները ցույց էին տալիս՝ ունենք դեպրեսիվ տրամադրություն. Քոչարյան
Մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված: Այս մասին այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնք իրենց քվեն վստահել են դաշինքին:
Քոչարյանի խոսքոբ՝ արդյունքներն իրենց համար անսպասելի էին, և կանխատեսումները եղել են այլ, քանի որ բոլոր հարցումները նկարագրում էին այլ պատկեր:
Նա նշեց. ՛՛Հարց է առաջանում, թե ինչու կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և նրա մեջ, այն, ինչ մենք տեսանք և կա 2 տարբերակ՝մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, 2-րդը ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին կեղծիքի ծավալ է ապահովել՛՛:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է, և իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ սպասելով հետագա զարգացումներին:
՛՛Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար՛՛,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների հաջորդ յուրահատկությունն այն էր, որ իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին, և անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին, իսկ իշխող քաղաքական թիմի հանդիպումները չեն ունեցել այն էներգետիկան, որը եղել է 2018 թվականին. ՛՛Ժողովրդավարությունը եղել է 2018 թվականի հիմնական թեմաներից մեկը, իրենց կարգախոսն էլ եղել է ապագայի մասին, բայց ելույթներում ապագայի մասին ոչ մի խոսք չկար, և սա փաստ է՛՛:
Քոչարյանն ընդգծեց, որ 2018-ին մարդիկ քվեարկում էին՝ հույս ունենալով, որ հետագայում կունենան լավ ապագա, մինչդեռ այս ընտրություններն ունեին ճիշտ հակառակ պատկերը: ՛՛Այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ՝ դեպի ապագա, և բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ տրամադրություն՛՛,-ասաց նա:
Խոսելով այն մասին, թե ինչու են նման արդյունքներ գրանցվել այս անգամ՝ նա ասաց, որ խիստ բևեռացում է եղել տարբեր ընտրազանգվածների մոտ, ինչն էլ հանգեցրել է նման արդյունքի:
՛՛Մարդկանց մոտ ստեղծվեց մտահոգություն, որ հները վերադառնում են, և այդ մտահոգությունը ուժեղացավ, երբ երեք նախագահներն իրենց դեմքով մասնակցում էին ընտրություններին և քարոզարշավին՛՛,-նշեց Քոչարյանը: