շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի. ՀՀ նախագահ

Այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

՛՛Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները հնարավորություն կտան ևս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները և դրանց հիման վրա ձևավորել աշխատանքային օրակարգ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, և պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրում է հանդիպման:

Նշենք նաև, որ ՛՛Իմ քայլը՛՛ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու, հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշել է, որ կգնան հանդիպման միայն իրենց օրակարգով, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ նախագահական չի գնա, բայց կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Կիսվել: