չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Այս ամենը քաղաքական պատվեր է, և այն գնում-հասնում է 2018 թվական. Միքայել Սրբազան

Այս ամենը քաղաքական պատվեր է, և այն գնում-հասնում է 2018 թվական. Միքայել Սրբազան

Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում է այսօրվա իշխանությունների կողմից բացահայտ և անթաքույց, որը մտնում է հակաեկեղեցական իրենց քաղաքականության մեջ: Այս մասին այսօր դատարանում իր ճառի ընթացքում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ինչի՞ համար եմ ես այստեղ: Արդեն ասվել է, որ այս ամենը քաղաքական պատվեր է, և այն գնում-հասնում է 2018 թ, երբ Փաշինյանը ասաց՝ դառնում եմ վարչապետ, ասացի՝ չեղավ: Այդ օրվանից է սկսվում այս քաղաքական իշխանության մոտեցման փոփոխությունն իմ նկատմամբ, նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, երբ որ իրենց հույսն այն էր, որ ես պիտի ոչ միայն հեղինակեմ այդ շարժումը, այլև պիտի միանամ և այլն և այլն: Եղավ հակառակը, և այդ ժամանակվանից սկսած՝ այս իշխանության աչքի փուշը դարձանք»:

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Միքայել Սրբազանն ասաց՝ մեծ խանդավառությամբ քննադատություն հնչեցրել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց այդ հայտարարությունները հանցագործություն չեն դիտվել։

«Նա նշեց, որ Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, բայց հանցագործություն չի դիտվել։ 2021-ին ասել եմ նույն բաները, պարզվում է՝ հանցագործություն չեն տեսել։ 2022-ին տվել եմ հարցազրույց 168-ին, բայց հանցագործություն չեն դիտել։ Նույնն ասել եմ 2023-ին, ինձանից շատ ո՞վ է հարցազրույց տվել հոգևորականներից»,- հայտարարեց Սրբազանը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրող դատախազը պահանջեց դատավորից բավարարել իրենց ներկայացրած մեղադրանքն ամբողջությամբ, քանի որ «գործով առկա ապացույցները բավարար են»։

Դատական նիստը հետաձգվեց աշխատանքային ժամի ավարտման հիմքով։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 22–ին` 16։30-ին։

  • Կիսվել: