Այս ամենն ուղղված է բացառապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանն ու քայքայմանը. հայտարարություն
Կրկին հասարակության մեջ սկսել է շրջանառվել, որ օտարալեզու հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը, ընդ որում հատուկ շեշտադրման են արժանանում ռուսական հեռուստաալիքները, ինչը մենք խստորեն դատապարտում ենք։ Այս մասին ասված է Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ․
«Հաշվի չի առնվում բազմահազարանոց լսարանի կարծիքը և նման գործողությամբ փորձ է արվում մեկ անգամ ևս սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ։Այս ամենն ուղղված է բացառապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանն ու քայքայմանը, ինչն ուղղակիորեն հակասում էվարչապետի հայտարարությանը, որ ռուսական հեռուստաալիքների արգելման խնդիր չկա ։ Արդեն պարզ է դառնում, որ նման սադրանքների հեղինակներն առաջնորդվում են բացառապես իրենց ներանձնական, արևմտյան տարատեսակ պետականաքանդ ֆոնդերի շահերից ելնելով, բայց ոչ երբեք Հայաստանի։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հորդորում է զերծ մնալ նման ինքնագործունեությունից, հստակեցնել պետության դիրքորոշումը ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցում, որպեսզի հետագայում բացառվեն նման անպատասխանատու և մերկապարանոց հայտարարությունները իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք սպառնալիք են երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին։
Ձեռքներդ հեռու ռուսական հեռուստաալիքներից»։