Այս ամբողջ խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, սխալ մոտեցում է. Տարոն Սիմոնյան
«Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը»,- այս մասին այսօր ճեպազրույցների ժամին ասաց ԼՎԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով, հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, որովհետև, երբ գնում է առաջին ատյանի դատարաններ, ստանում է իր սրտին, մտքին ոչ համապատասխանող որոշումներ։ «Շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է, որովհետև մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել: Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարգը՝ սկսած առաջին ատյանի դատարանի դատավորներից, վերջացրած Բարձրագույն դատական խորհրդով: Այս ամբողջ խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, կարծում ենք, սխալ մոտեցում է»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը: