ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սա կազմակերպած սադրանք էր. Այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Սա կազմակերպած սադրանք էր. Այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դահլիճում ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպը համարում է ընդդիմության կողմից սադրանք, պատրվակ՝ չմասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Սիմոնյանը այս մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

Սիմոնյանը հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հովիկ Աղազարյանին և «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանին նախազգուշացում է հայտարարում:

ԱԺ նախագահը նշեց՝ ցանկություն չունի որևէ ձևով լարելու իրավիճակը՝ հավելելով, որ կարող էր այլ միջոց կիրառել, օրինակ՝ մինչև օրվա վերջ դահլիճ չթույլատրել պատգամավորին, սակայն դրան չի գնում, չի էլ կարծում, որ դա ճիշտ է:

«Բայց ուզում եմ իմ գնահատականը տալ: Սա կազմակերպված սադրանք էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այս սադրանքին չտրվեցինք: Օրինակ, դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որը դահլիճում գրեթե չի հայտնվում՝ Իշխան Սաղաթելյանը՝ իմ նախկին տեղակալը»,-ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Սիմոնյանի՝ Իշխան Սաղաթելյանը քաջալերել է Արթուր Սարգսյանին, որ «դուխով» ելույթ ունենա։ Այսպիսով՝ Սիմոնյանի համար ակնհայտ է եղել, որ սադրանք է նախապատրաստվում․ «Այսօր դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որն այստեղ չի հայտնվում, իմ նախկին տեղակալը՝ Իշխան Սաղաթելյանը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը ու հիմնարկները չեն, սա ՀՀ ԱԺ-ն է»։

«Արթուր Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, որն անելու իրավունքը ինքը, ըստ իս, չունի: Ելույթ ունենալու տեղը ամբիոնն է: Իսկ, եթե ուզում է մեկի աչքերին նայել, ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է: Եվ հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան Հովիկ Աղազարյանի վրա և պաշտպանել Արթուր Սարգսյանին: Դրանից հետո իրենք, հասկանալով, որ ՔՊ-ի պատգամավորները որևէ կերպ չեն մտնում այդ սադրանքի մեջ, սկսեցին ինձ կոչ անել՝ պատգամավորներին հանգստացնել: Թերևս, բոլոր տեսանյութերում երևում է, որ Արթուր Սարգսյանին, որը փորձում է մոտենալ Հովիկ Աղազարյանին, առաջինը կանգնեցնում է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շատ նուրբ խնդրելով, որ չշարունակի մոտենալ: Բայց առիթն օգտագործվեց, որ իրենք հիմա դահլիճ չգան: Իսկ ինչո՞ւ դահլիճ չգան, կարո՞ղ եք գուշակել, որովհետև այսօր կառավարության հետ հարցուպատասխան կա, և այստեղ ելույթ է ունենալու Հայաստանի ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմությանն առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, որ իրավիճակը լարվի: Դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իր գործընկերներին՝ Սիմոնյանը կարծիք հայտնեց՝ ասելիք չունեցող, առաջարկ չունեցող և օրակարգ չունեցող ընդդիմությունը մի բան է փորձելու անել՝ իրենց սադրել: ԱԺ նախագահն իր թիմակիցներին հորդորեց չտրվել այդ սադրանքներին՝ գիտակցելով այն ժամանակահատվածի և իրավիճակի պատասխանատվությունը, որ կրում են իրենց ուսերին:

Ալեն Սիմոնյանը նաև շնորհակալություն հայտնեց անվտանգության աշխատակիցներին ու խնդրեց համբերատար լինել, չտրվել սադրանքներին:

Մայիսի 24-ին ավելի վաղ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո միջադեպ էր տեղի ունեցել: ԱԺ նախագահը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին

  • Կիսվել: