երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այնպես չէ, որ խաղաղության օրակարգը նիրվանա է, այնտեղ էլ կան սպառնալիքներ․ Փաշինյան

Այնպես չէ, որ խաղաղության օրակարգը նիրվանա է, այնտեղ էլ կան սպառնալիքներ․ Փաշինյան

Իմ գնահատմամբ խաղաղությունը ռեֆորմ է իր բնույթով, և ինչպես ցանկացած ռեֆորմ, խաղաղության օրակարգը նույնպես կարող է ունենալ դիմադրություն. Խաղաղության օրակարգը կարող է նաև ցավոտ տարրեր ունենալ և իմ գնահատմամբ խաղաղության օրակարգը չի սկսվում ստորագրության պահին, այլ սկսվում է ստորագրության պահից հետո։ Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Նա հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ո՞րն է ՀՀ իշխանության գործիքակազմը՝ չեզոքացնելու խաղաղության օրակարգի ճանապարհին հանդիպող դիմադրությունը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Խաղաղության օրակարգը իրականում փաստաթուղթ չէ, այն իրականում մտածողություն է և հարցերի որոշակի դիտանկյուն։ Ո՞վ է ասել, որ խաղաղության օրակարգի ճանապարհին դիմադրությունը ենթադրում է պայքար և ով է ասել, որ այդ պայքարը մեր և ուրիշների մեջ է, այդ պայքարը առաջին հերթին մեր եւ մեր մեջ է։ Ոչ մեկը զերծ չէ էմոցիաներից, պատմական հիշողությունից, ՀՀ ցանկացած քաղաքացու սեր, ատելություն, զգացում ու մտահոգություն մերն է։ Դա ժողովրդի կողմից ընտրված իշխանության առանձնահատկությունն է, որովհետև մենք զգում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է զգում։

Այնպես չէ, որ խաղաղության օրակարգը նիրվանա է, այնտեղ էլ կան սպառնալիքներ։ Մենք երբեմն ընկնում ենք մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ՝ այդ օրակարգերը իրար հակադրելով։ Ի հեճուկս Հայաստանում տարածված ընկալումների, ճշմարտությունը մի հատ չէ, ճշմարտությունները բազմաթիվ են, մենք պետք է ընտրենք այն ճշմարտութւյունը, որը ուզում ենք, որ մերը լինի»։

  • Կիսվել: